Ադրբեջանի նախագահը ևս Ուելսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
TVԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ալիևը Ուելսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում է գտնվում նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների: