Աճառյան փողոցում կայանված «Զիլ»-ին բախված «Վոլկսվագեն»-ի վարորդի վիճակը միջին ծանրության է
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 6-ին՝ ժամը 12.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34NV813 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնված 1949թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված «Զիլ» մակնիշի 43LS588 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ` Ռ. Օ., ծնված 1960թ.): «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: