Բողոքի ակցիա` կառավարության դիմաց. «Տոնուսից» խաբված բնակիչները պահանջում են իրենց՝ վարչապետին ուղղած նամակի պատասխանը
«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջև:
Բնակիչների պնդմամբ` իրենք շաբաթներ առաջ նամակ են գրել՝ ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանին և այժմ եկել են նամակի պատասխանը ստանալու: Սակայն, բնակիչները չստացան իրենց նամակի պատասխանը:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցելու եկավ կառավարության ներկայացուցիչը, ով խորհուրդ տվեց նիստերի օրերին չհավաքվել կառավարության դիմաց, ինչպես նաև հորդորեց սպասել մի որոշ ժամանակ ևս:
Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։