Սեւանա լճում կորած ձկնորսի որոնումներն առայժմ արդյունք չեն տվել
ՀասարակությունԱրդեն տասնվեցերորդ օրն է բոլորում, ինչ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի անդամները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները՝ Սեւանա լճում անհայտ կորած քաղաքացուն՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 60 տարեկան Արմեն Մարգարյանին գտնելու նպատակով:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը, ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 5-ը ջրափրկարարները իրականացրել են տասնմեկօրյա որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն առայժմ ամեն մի ջանք անցնում է անարդյունք: Որոնողական աշխատանքների արդյունքում առայժմ հայտնաբերվել է ռետինե փչովի նավակը, որով քաղաքացին սիրողական ձկնորսության էր դուրս եկել Սեւանա լիճ:
«Արմեն Մարգարյանը մեզ ահազանգել էր 911 համարով, մենք նրան խորհուրդներ էինք տալիս, թե ինչ միջոցների դիմի, մինչեւ որ տեղ հասնեն փրկարարները, սակայն կապն ընդհատվեց անհասկանալի պայմաններում: Դժվարությունն այն է, որ հայտնաբերված ռետինե նավակը ջրի վրա լողացել է մինչեւ 7 կիլոմետր տարածք, որը Սեւանի ամենախոր հատվածն է համարվում: Մեզ համար մինչ այժմ դժվար է հասկանալ, թե կոնկրետ որ հատվածում է ջրասույզ եղել քաղաքացին, որպեսզի կարողանանք որոնումն իրականացնել ստույգ տեղում ու արդյունքի հասնենք: Գործի ենք դրել եւ մարդկային ուժը, ե՛ւ ժամանակակից սարքավորումները, բայց 70 մետր խորության վրա գործելն այդքան էլ հեշտ չէ: Նաեւ հույս ունենք, որ ջրի ջերմաստիճանի տաքանալուն պես կորած քաղաքացին կարող է դուրս գալ ջրի երես, ուստիեւ որոնողական աշխատանքները շարունակում ենք: Կիրառել ենք անգամ 100-120 մետր խորության տակ հեռակառավարվող եւ մոնիտորի վրա լճի հատակը ցուցադրող սարք, սակայն այդ փորձն էլ արդյունք չտվեց»,- նշեց Արմեն Ճզմաչյանը: Որոնողական աշխատանքներին հետեւում եւ աջակցում են կորած ձկնորսի հարազատները: