Հայ գերուն դատելով` Ադրբեջանն արտաքին քարոզչություն է իրականացնում. Սեյրան Օհանյան
ՀասարակությունԱրցախի պաշտպանության բանակի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելով` Ադրբեջանը արտաքին աշխարհին ուղղված քարոզչության նպատակ ունի: Այդ կերպ Ադրբեջանը փորձում է Բաղդասարյանի դեպքը հակադրել Քարվաճառում ձերբակալված եւ դատապարտված ադրբեջանցի 2 դիվերսանտների դեպքին: Տեսակետը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է:
«Ադրբեջանի նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մենք ունենք զինծառայող, ով փորձ է արել Ադրբեջանի տարածքում իբր դիվերսիոն գործողություն իրականացնել, և դա հակադրել այն հանցագործներին, որոնք իրականում ԼՂՀ Քարվաճառի տարածքում անօրեն գործունեություն են իրականացրել, անմեղ մարդկանց սպանել: Սա նաև արտաքին աշխարհի քարոզչության նպատակ ունի»,- Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում կայացած միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը:
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը գերեվարել էր Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Բաղդասարյանին մայիսի 5-ին դատապարտել են 15 տարվա ազատազրկման: