Շատվան գյուղում Մասրիկի վտակների բարձրացած ջրերի պատճառով գարնանացանը ձգձգվում է
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Շատվան գյուղում արդեն մի քանի օր է, ինչ վարելահողերի եւ տնամերձ հողամասերի մի մասը հեղեղվում է Մասրիկ գետի երկու վտակների վարարած ջրերով:
Ինչպես տեղեկացրեց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, գյուղի արեւմտյան եւ արեւելյան կողմերով հոսող վտակները վարարել են անձրեւների եւ արագ ձնհալի արդյունքում՝ ողողելով գյուղի մերձակա վարելահողերը եւ մոտ 70 ընտանիքների տնամերձ հողամասերը:
«Մոտ 15 հեկտար աշնանացան ցորենի եւ գարնանացան գարու ցանքեր նույնպես հայտնվել են ջրի տակ: Մյուս կողմից էլ վարելահողերում կուտակված ջուրը խաթարում է գարնանացանի ընթացքը: Գյուղի ուժերով ձեռնարկում ենք պաշտպանիչ միջոցառումներ, պատնեշում գետակների քանդված հուները, սակայն բարձրացած ջրերը չեն նահանջում, քանի դեռ չեն դադարել վարարումները: Մեր առաջնահերթ խնդիրը կլինի գետակների հուների մաքրումը ծանր տեխնիկայի օգնությամբ եւ քանդված հուների գաբիոնապատումը, որպեսզի եկող տարի նման փաստի առաջ գյուղը չկանգնի: Մեր գետակների հուները չեն մաքրվե լ տասնամյակներ շարունակ, քանի որ տեղական բյուջեն նման միջոցներից զուրկ է, եւ մենք այստեղ աջակցության կարիք ունենք»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան