Նոր Նորքի զինկոմի դատավճիռը կհրապարակվի մայիսի 12-ին
ՀասարակությունԿաշառք վերցնելու մեջ մեղադրվող՝ Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանի դատավճիռը կհրապարակվի մայիսի 12-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Արմեն Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ մայիսի 8-ին կայացած դատական նիստին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
«Նիստի ժամանակ Զախարյանը վերջին խոսքն ասաց՝ պատմելով իրականությունը: Նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն էլ են փաստում, որ կաշառքի մասին խոսք չկա: Հիմա տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի դատարանը»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ գործով դատախազն 9 տարվա ազատազրկում է պահանջում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Զախարյանը 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում, Երեւան քաղաքի Ավան 7 փող. 45 տան բնակիչ Գագիկ Վարդանյանից, որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Երկու օր անց Զախարյանը նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:
Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ կալանավորված Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է: