«Երանի այն օրը, որ լսեցինք հաղթանակի լուրը». Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հուշերը
Հասարակություն«Հաղթանակի» զբոսայգու աստիճանները տիկին Աիդան դժվարությամբ է հաղթահարում: 87-ամյա վետերանը խոստովանում է, որ թեպետ արդեն լավ չի տեսնում, ոտքերն էլ անընդհատ ցավում են, սակայն մայիսի 9-ի տոնակատարությունները բաց թողնել չի ցանկանում: Հաղթանակից հետ ամուսնու հետ էր գալիս զբոսայգի եւ միասին վերհիշում էին պատերազմի դառնությունները: Վերջին 10 տարին թոռնիկի ուղեկցությամբ է գալիս: «Երբ ամուսինս ասաց, որ գնում է պատերազմ, ասացի` ես էլ եմ հետդ գալիս: Սկզբում չէր ցանկանում, բայց ես համոզեցի: «Որտեղ ամուսինը, այնտեղ էլ նրա կինը պետք է լինի»,- ասացի նրան: Շատ դժվարություններ ունեցանք, զրկանքներ տեսանք, մեր ընկերներից շատերը հետ չվերադարձան»,- հիշում է տիկին Աիդան:
Միակ ցանկությունն է, որ պատերազմներն այլեւս չկրկնվեն ու մարդիկ ապրեն խաղաղ: «Մենք գիտենք ինչ բան է պատերազմը: Պատերազմ տեսած ժողովուրդն ամենից լավն է գնահատում խաղաղության գինը: Ուզում եմ, որ իմ թոռներն ու ծոռը պատերազմ չտեսնեն, դժվարություն ու մահ չտեսնեն ու ապրեն խաղաղ»,- ասում է նա:
Պատերազմի մեկ այլ վետերան Դերենիկ Փաշինյանն առանց տոնի էլ է այցելում է զբոսայգի: «Գալիս եմ էստեղ, իմ ծաղիկը դնում զոհված ընկերներիս հիշատակին, կապ չունի մայիսի 9-ն է, թե ոչ: Մենք պարտավոր ենք ամեն տարի գալ և Հայրենականի ու Շուշիի հաղթանակը տոնել միասին», ասում է 86-ամյա Դերենիկ պապը:
«Երանի այն օրը, որ լսեցինք հաղթանակի լուրը: Այն օրվանից մինչև այսօր էլ տոնում ենք: Չեմ հիշում, թե հաղթանակի օրը որտեղ եմ դիմավորել, մտքիցս թռել է, բայց հիշում եմ, որ շատ երջանիկ էինք»,-ասում է նա:
Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը, Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-իÕ ¶, որով միավորվել են դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Արցախի զինված ուժերում ծառայում են 20 հազար զինավարժ սպաներ և զինվորներ: