Դիվանագիտական դպրոցի շրջանավարտները ՀՀ դիվանագիտական կորպուսի մի զգալի մասն են կազմում
ՀասարակությունՍտեղծումից հինգ տարի անց ՀՀ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներն արդեն կազմում են ՀՀ դիվանագիտական կորպուսի մի զգալի մասը և ձեռք են բերում լավ հեղինակություն: Այսօր արդեն Դիվանագիտական դպրոցը նպատակ ունի նպաստելու էլեկտրոնային դիվանագիտության վերաբերյալ քննարկումներին: Գնահատականը Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանինն է:
«Այս միջոցառմամբ Դիվանագիտական դպրոցը նպատակ ունի նպաստելու գիտնականների ու գործնական դիվանագիտական աշխատանք կատարող մասնագետների շրջանում ծավալված էլեկտրոնային դիվանագիտության վերաբերյալ քննարկումներին: Դպրոցի ստեղծումից հինգ տարի անց շրջանավարտներն արդեն կազմում են ՀՀ դիվանագիտական կորպուսի մի զգալի մասը և ձեռք են բերում լավ հեղինակություն»,- Երևանում մեկնարկած Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարները և մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Վահե Գաբրիելյանը:
Երկօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան յոթ տասնյակ մասնակիցներ շուրջ քսանհինգ երկրից՝ դիվանագիտական կրթության հաստատությունների, համալսարանների, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ: Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգան և քննարկումներին իրենց մասնակցությունը կբերեն արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական հեղինակավոր ուսումնական հաստատությունների ղեկավարներ, միջազգային համբավ ունեցող գիտնականներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, օրենսդիրներ: Գիտաժողովն ընթանալու է չորս աշխատանքային նիստերով. «Տեղեկատվության և հաղորդակցության կառավարումը դիվանագետների համար. հնարավորություններ և ռիսկեր», «Դիվանագիտություն և վիրտուալ իրականություն. միջոցներ և պրակտիկա», «Երկրների փորձառությունը փոփոխություններին հարմարվելու և դրանց ազդեցությունը գնահատելու հարցում», «Դիվանագի տական դպրոցներ և էլեկտրոնային դիվանագիտություն. լավագույն փորձառություններ»: