ՀՀ բուհերը մասնակցում են Վիշեգրադյան կրթական ծրագրերի
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կարլա Վյուրստերովային: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, հիմնադրամի տնօրենը ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված և առաջիկայում նախատեսված բուհական մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակային նախագծեր, որոնք միտված են անդամ և համագործակցող երկրների միջբուհական կապերի զարգացմանը:
Նախարար Արմեն Աշոտյանը, շեշտելով, որ Հայաստանի բուհերը ուսանողական շարժունության և միջազգային փոխանակման ծրագրերի ասպարեզում վերջին տարիներին մեծ փորձ են կուտակել, վստահություն է հայտնել, որ համագործակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկների (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա) բուհերի հետ արդյունավետ կլինի: Օգտագործելով առիթը՝ նախարարը նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ Երևանում տեղի է ունենալու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին ներկա են գտնվել ու տարբեր երկրներում կրթության ոլորտի պատասխանատուներ և պատվիրակություններ:
Կարլա Վյուրստերովան, տեղեկացնելով, որ հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների հետ՝ նշել է, որ ՀՀ բուհերը բավական ակտիվ մասնակցության հայտեր են ներկայացրել, որոնցից մասնավորապես ԵՊՀ-ի առաջարկությունները դրական երաշխավորություններ են ստացել: Հիմնադրամի տնօրենը նաև տեղեկացրել է, որ Վիշեգրադյան կրթական ծրագրում մեծ է հետաքրքրությունը հատկապես հասարակական-քաղաքական և գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ: