Ամուսինը ծեծել է կնոջն ու այրել զոքանչի գույքը
Օրվա իրադարձություններՆախկինում արդեն 10 անգամ դատապարտված տղամարդը դարձյալ ամբաստանյալի աթոռին է. այս անգամ՝ կնոջը ծեծելու և զոքանչի տունն այրելու ու նրան սպանելու սպառնալիքների համար: Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 39-ամյա վանաձորցու կինը, չդիմանալով ամուսնու հետ անվերջ շարունակվող վեճերին ու ծեծին, փախել էր իրենց տնակից ու գնացել մոր տուն: 2014թ-ի հոկտեմբերի 21-ին կնոջ հետևից գնացած ամուսինը վեճի է բռնվել զոքանչի հետ՝ նրանից պահանջելով տնից վտարել դստերը, հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան ու այրել տունը:
Հաջորդ օրը երեկոյան ամուսինը դարձյալ ներկայացել է զոքանչի տուն ու ծեծի է ենթարկել կնոջը` ձեռքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին ու քաշել մազերից:
Եվս 2 օր անց փեսան դարձյալ եկել է ու զոքանչից դարձյալ պահանջել տնից վտարել կնոջը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կհրկիզի տունը և իր մոտ եղած կրակայրիչով այրել է սառնարանի վրա գցված կտորե ծածկոցը: Բարեբախտաբար, կնոջը հաջողվել է մարել կրակն ու փրկել տունը:
Իսկ տաքարյուն փեսան այժմ կալանավորված է ու սպասում է իր նկատմամբ դատարանի՝ արդեն 11-րդ վճռին: