ՊՆ-ն կարևորագույն օրինագծով է հանդես եկել. միակ արու զավակները չպետք է ծառայեն առաջնագծում
ԲլոգԳուրգեն Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պաշտպաության Նախարարությունը մի շատ կարևոր օրենսդրական նախաձեռնությունով է հանդես եկել, որը ընդունվելու դեպքում այսուհետ արտոնություններ կսահմանի այն ժամկետային զինծառայողների համար, ովքեր ընտանիքի միակ արու զավակն են։ Մասնավորապես նախատեսվում է, որ նման տղաները ծառայություն չեն կրի սահմանի առաջնագծում ու ավելի քիչ կվտանգեն իրենց կյանքը։
Սա իրոք շատ կարևոր է։ Ոչ մի խոսք չի կարող լինել այն հարցում, որ մեր ամեն զինվորի կյանքն անգին է, բայց եթե մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ տարեկան մի քանի տասնյակ զինվոր է զոհվում սահմանային բախումների արդյունքում, իսկ բնակչության թիվը գնալով նվազում է, ապա անթույլատրելի շռայլություն է վտանգել գենֆոնդը ավելի շատ, քան հնարավոր է։
Կրկնում եմ, եթե տղան միակ արու զավակը չէ ընտանիքում, դրանից այդ զինվորի կյանքը պակաս արժևոր չի դառնում, սակայն եթե սպանվում է ընտանիքի միակ զավակը, դա բացի մարդկային ծանր կորուստից նշանակում է, որ հերթական հայ օջախի ծուխը մարեց ու այդ օջախում էլ չի լինի պապական ազգանունը կրող մանկիկի ճիչ, ինչը սարսափելի է։
Այնպես որ, ողջունում եմ ՊՆ-ի այս նախաձեռնությունը, որն ավելորդ անգամ ցույց է տալիս, որ ի հեճուկս տարբեր դատարկախոսների, այս համակարգում ամենաշատն են մտածում մարդկային կյանքի ու սերունդների վերարտադրության մասին։