Երիտասարդ դասախոսներին հնարավորություն կտրվի հրաժարվել սոցիալական վճարից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձանարարեց Ֆինանսների նախարարությանը՝ փոփոխություններ կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում' հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնել նաև այն անձին, ով համատեղությամբ աշխատում է պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող բուհերում և միաժամանակ ոչ պետական կազմակերպությունում:
ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետը նշեց, որ այս օրերին իրեն են դիմել մի շարք բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում աշխատանքը բուհերում դասախոսական աշխատանքի հետ: «Նրանք մտահոգություն են հայտնում նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից պահման պարտավորության առնչությամբ: Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճարը կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն' կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ' կամ համակարգին մասնակից է, կամ մասնակից չէ»,- ասաց Աբրահամյանը:
Վարչապետը նշեց, որ հանձնարարել է Ֆինանսների նախարարությանը ուսումնասիրել և ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու առաջարկ, ինչպես նաև փոփոխություններ կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում: