ՔԿՀ-ի աշխատակիցները ծեծել են հոգեկան հիվանդությամբ տառապող դատապարտյալին
Հասարակություն«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է ներկայացնել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին և 21-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծեծել են իրեն, ինչի հետևանքով նա գլխի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, այս մասին հայտնել է ՄԻՊ պաշտպանը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությ անը հասցեագրված գրությամբ:
Հիշյալ դիմումով դատապարտյալը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ և ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 18-ի ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկ-նյարդահոգեբույժը մի քանի այլ աշխատակիցների հետ իրեն տարել են առանձին սենյակ, հայհոյել, հրել, քարշ տալով գցել են գետնին, ծեծի են ենթարկել և իր կամքին հակառակ՝ հոգեմետ դեղորայք են ներարկել: Բացի այդ, 2015 թվականի ապրիլի 21-ին հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցները իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել:
Դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: