ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացն ընթանում է բնականոն հունով
ՀասարակությունԵվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման գործընթացն ընթանում է բնականոն հունով: Այն առաջնային իրավական ակտերը, որոնք անհրաժեշտ են ինտեգրման գործընթացի բնականոն իրականացման համար, ամբողջությամբ ապահովված են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: «Բնականաբար, գործընթացը շարունակական է: Ես կարծում եմ, որ առաջիկայում իրավական ակտերի առումով մենք անելիքներ ունենք: Եվ անելիքներ ունենք ոչ միայն մենք, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ նույն երկրները նույնպես, որպեսզի վերանայվեն որոշ իրավական ակտեր, որպեսզի ինտեգրման գործընթացն էլ ավելի արդյունավետ ընթանա»,- նշեց Միրումյանը:
Միրումյանը շեշտեց, որ ՀՀ ֆինանսերի նախարարությունն ամեն ինչ արել է, որ հայ գործարարները ստեղծված իրավիճակում իրազեկման հետ կապված խնդիրներ չունենան՝ ընդգծելով, որ դա որոշ չափով իրենց հաջողվել է: «Մեր իրականացրած աշխատանքների արդյունքում, եթե համեմատություն անցկացնենք հունվար-փետրվար ամիսների հետ, հարցերի հոսքը, որ մենք ստանում էինք գործարարներից, գնալով նվազում են: Այսինքն, մեր գործարարները գնալով ավելի են իրազեկվում»,- ասաց Միրումյանը: