Հովհաննես Մանուկյանն անպատժելիությունն անթույլատրելի է համարում
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարվեց մեկնաբանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին, հարկադիր բերման ենթարկելու մասին քննչական կոմիտեի որոշումը: «Արդարադատության համակարգը այստեղ խնդիր չունի: Քրեական հետապնդման մարմինների մասին է խոսքը: Կարծում եմ` դուք պետք է ճիշտ հասցեատիրոջը դիմեք այս գործով: Ինչքան արդյունավետ աշխատեն քրե ական հետապնդման մարմինները, այնքան լավ», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Հովհաննես Մանուկյանը:
Գործի այլ մանրամասների մասին հարցերին ի պատասխան` նախարար Մանուկյանը նշեց. «Նորից եմ խնդրում այդ հարցով դիմել կոնկրետ իրավասու մարմիններին: Ես ինքս ոչ քննություն եմ վարում, ոչ էլ որոշումներ եմ կայացնում այդ գործով, դրա համար ինձ համար դժվար է մեկնաբանելը»: Հարցին, թե արդյոք անպատեժելիության հետևանք չէ, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները պարբերաբար հայտնվում են նման դեպքերի կիզակետում, Մանուկյանը պատասխանել է. «Ես կոնկրետ գործը չեմ ուզի մեկնաբանել, բայց անպատժե լիությունը, այո, վատ բան է»: