Երևանաբնակ երիտասարդ ընտանիքը եռյակ է ունեցել
ՀասարակությունԵրևանաբնակ երիտասարդ ընտանիքը եռյակ է ունեցել` կյանք պարգևելով Հայոց բանակի ապագա զինվորների: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց երեք նորածին որդիների հայր Մանվել Մանուկյանը (28 տարեկան): «Երեխաներին որոշել ենք անվանակոչել Սարգիս, Մհեր և Աշոտ: Բալիկները ծնվել են մայիսի 13-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում և կշռում են 1,2, 1,3 և 1,5 կգ: Մեր ավագ որդին 1,5տարեկան է, և մենք չէինք սպասում, որ կարող ենք եռյակ ունենալ», - ասաց Մանվել Մանուկյանը: Նա նաև նշեց, որ իր տիկնոջ ընտանիքում երկվորյակներ ժամանակին ծնվել են:
Երեխաները ծնվել են 7,5-8 ամսական՝ կեսարյան հատման միջոցով: Ապագա չորս զինվորի հայրն ասաց, որ դեռ չի կարողացել տեսնվել կնոջ՝ Անուշ Մնացականյանի հետ (25 տարեկան), սակայն հաջողվել է հեռվից տեսնել նորածիններին:
Այս տարի վերջին անգամ եռյակ է ծնվել ապրիլի 24-ին` «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ: Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո կյանք է պարգևել մեկ տղայի և երկու աղջկա: Եռյակի ծննդյան դեպքեր են գրանցվել նաև մարտի 18-ին եւ փետրվարի 12-ին: