Կառավարությունն ամեն ինչ անելու է Վանաձորի արդյունաբերության վերականգման համար
ՀասարակությունԿառավարությունն ամեն ինչ անելու է Վանաձորի արդյունաբերական ներուժի օգտագործման ու վերականգման համար և պատրաստ է ներդրողների հետ իրականացնել հստակ ծրագրեր: Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Վանաձորի քաղաքապետարանում տնտեսվարողների հետ կայացած հանդիպման ժամանակ: «Ես այսօր բավարար չեմ համարում Վանաձորում առկա ներուժի օգտագործումը: Մենք պետք է փորձենք վերականգնել տեղի արդյունաբերությունը՝ բացելով նաև նոր աշխատատեղեր, ինչպես նաև տ արբեր ռեսուրսների օգտագործման միջոցով բարձրացնել քաղաքի ակտիվությունը, առկա խնդիրներին տալ լուծում»,- նշեց վարչապետը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը, անդրադառնալով բիզնես ոլորտում առկա խնդիրներին, ընդգծեց, որ բոլոր արհեստական խնդիրներ առաջացնողները կենթարկվեն համապատասխան պատժի: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարության նպատակն է ստեղծել հավասար պայմաններ, խրախուսել գործարարներին՝ նոր ներդրումների իրականացման գործում:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել կառավարության աջակցությամբ ստեղծել 200 նոր լրացուցիչ աշխատատեղ, և գործադիրն առաջիկայում պատրաստվում է ֆաբրիկային հատկացնել 450 միլիոն դրամ՝ ծրագրերն առաջ մղելու համար: Ներկայում «Գլորիա» կարի ֆաբրիկայում աշխատում է 1400 մարդ: