ՀՔԾ-ն քրգործ է հարուցել ոստիկանների կողմից լրագրողի նկատմամբ բռնության փաստով
ՀասարակությունԼրագրող Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից լրագրողի նկատմամբ բռնության փաստով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը: «Գործը հարուցվել է լրագրողի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական բռնությամբ ուղղորդված՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Գործծը հարուցվել է քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,- ընդգծեց ՀՔԾ խոսնակը:
Հոդվածը նախատեսում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով։ Գայանե Առուստամյանը վարչական բերման է ենթարկվել մեկ շաբաթ առաջ՝ ոստիկանին վիրավորելու համար: Ազատ արձակվելուց հետո լրագրողը պնդել էր, որ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ և հանցագործության մասին հաղորդում էր տվել։