Գեղարքունիքի մարզում ցանքի տակ կլինի մինչեւ 75 հազար հեկտար վարելահող
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում այս տարի ցանքի տակ կլինի մինչեւ 75 հազար հեկտար վարելահող, որից մայիսի 14-ի դրությամբ ցանված է մոտ կեսը:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզում 20 հազար հեկտար զբաղեցնում են աշնանացան ցորենի, 13 հազար հեկտար՝ կերային մշակաբույսերի ցանքերը: Մոտ 24 հազար հեկտար կկազմեն գարնանացան հացաբույսերի, 15 հազար հեկտար՝ կարտոֆիլի, 3 հազար հեկտար՝ կաղամբի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը:
Մայիսի 14-ի դրությամբ կատարվել է մոտ 9600 հեկտար գարնանացան հացաբույսերի, մոտ 600 հեկտար կարտոֆիլի ցանք: Գարնանացանի արագ ընթացքին խանգարում են տեղումները: Ըստ վարչության պետի կանխատեսումների՝ գարնանացանը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ հունիսի առաջին տասնօրյակի ավարտը:
Խոսրով Խլղաթյան