Երեք խմբեր կմասնակցեն Հայաստանում Իսրայելի մշակույթի օրերին
ՀասարակությունՀայաստանում մայիսի 15-17-ը կանցկացվեն Իսրայելի մշակույթի օրեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 15-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա Հայաստանում՝ Իսրայելի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակում հանդես կգան «Աշդոդի ծաղիկներ» մանկական էստրադային, «Տետ-ա-տետ» պարային անսամբլները և «Օրա դենս» պարային ստուդիան:
Մայիսի 16-ին ստեղծագործական պատվիրակությունը ելույթ կունենա Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի դահլիճում, իսկ մայիսի 17-ին` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
2012 թ. Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարար Իոել Էդելշտեյնի Հայաստան այցի ընթացքում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերը: Ծրագրերի շրջանակներում 2013թ. Հայաստանում անցկացվել են Իսրայելի Պետության օրեր, իսկ 2014թ. Իսրայելում՝ Հայաստանի մշակույթի օրեր, որին հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: