ՀԳՄ-ն կհյուրընկալի լիտվական «Պոեզիայի գարուն» փառատոնը
ՀասարակությունԼիտվական «Պոեզիայի գարուն» փառատոնը գալիս է Երևան: Մայիսի 22-ին Հայաստանի գրողների միությունում տեղի կունենա Լիտվայի պոեզիայի երեկո, որի շրջանակում կհնչի լիտվական պոեզիա և հնարավորություն կլինի այն քննարկելու լիտվացի հայտնի բանաստեղծների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպայի օրվա, ինչպես նաև Լիտվայում անցկացվող հեղինակավոր՝ «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում:
«Պոեզիայի գարունը» պոեզիայի ամենահին փառատոնն է Լիտվայում: Այն առաջին անգամ 1965թ. կազմակերպել է Լիտվայի գրողների միությունը: Պահպանելով ավանդույթը՝ փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ մայիսի վերջին շաբաթվա ընթացքում: