«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամները որոշեցին իրենց պայքարի ճանապարհը
ՀասարակությունՔիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրային քննարկում,-տեղեկացնում է Orer.am-ը: Քննարկման մասնակիցները պայքարի արդյունավետությունը տեսնում են փողոցային ակցիաներ անցկացման մեջ: Նրանք վկայակոչեցին ժամանակին «Վճարենք 100 դրամ» շարժման հաջողությունը: «Պետք է ջանքեր գործադրել փողոցային պայքարի համար»,- ընդգծեց ակտիվիստ Սիփան Փաշինյանը:
Ըստ ակտիվիստների՝ այսօրվա իշխանությունների պարագայում իրավական ճանապարհով հարցի լուծում փնտրելը օգուտ չի տա: Նրանք որոշեցին պաստառներ և թռուցիկներ պատրաստել և տարածել: Ներկաներն առաջարկեցին, որպեսզի Ազատության հրապարակում գտնվող յուրաքանչյուր անձ վաղվանից քայլի բակերում, կանգառներում և այլ մարդաշատ վայրերում՝ իրազեկելով անցորդներին ակցիաների մասին:
Քննարկումներից հետո մասնակիցները երթ սկսեցին` մարդկանց տեղյակ պահելով այս պայքարի մասին։ Ակտիվիստները «Ոչ թալանին» և«մի-ա-ցում» վանկարկելով` Հյուսիսային պողոտայով շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ աջակցություն հայտնելու կառավարության մոտ նստացույց անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին։
Լևոն Փանոսյան