Արարատի մարզում բաժանորդների միայն 78 %-ն է օգտվում ջրաչափից
ՀասարակությունՆախորդ տարվա ընթացքում Ասիական զարգացման եւ Համաշխարհային բանկերի միջոցներով Արարատի մարզում կառուցվել եւ վերակառուցվել են մայրուղի ջրատարներ եւ ջրամատակարարման ներքին ցանցեր (Վեդի, Մասիս, Արարատ քաղաքներում եւ 21 գյուղական համայնքներում): Ընդհանուր առմամբ կատարվել են 2 մլրդ 116 մլն 500 հազար դրամի աշխատանքներ, իսկ մի շարք համայնքների կողմից` խմելու ջրի ներքին ցանցի կառուցման եւ վերակառուցման աշխատանքներ՝ 35 մլն դրամ արժողությամբ:
Ինչպես տեղեկացրեցին մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, 2014 թվականի ընթացքում «Համջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցներից 56 մլն դրամ հատկացմամբ վերակառուցվել են մարզի մի շարք բնակավայրերի ջրագծեր:
Արարատի մարզում խմելու ջրի մայրուղի ջրագծերի երկարությունը շուրջ 870 կմ է, որից 660 կմ-ը` համայնքների տարածքում, իսկ ներքին ցանցերի երկարությունը` մոտ 4033 կմ: Մարզում առկա է խմելու ջրի 25 ջրամբար` 32 հազար խ/մ տարողությամբ: Մարզ մտնող ընդհանուր ջրաքանակը կազմում է շուրջ 1260 լ/վրկ:
«Համջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղը խմելու ջրով է ապահովում մարզի 74 համայնքների 59 հազար 920 բաժանորդներին, այդ թվում` 150 հազար 239 բնակիչների ու 1156 իրավաբանական անձանց:
«Մարզում ջրի կորուստը կազմում է ահռելի թիվ` շուրջ 59 տոկոս: Այս առումով կարեւոր է ջրաչափերի տեղադրման խնդիրը: Բաժանորդների միայն 78 %-ն է օգտվում ջրաչափից»,-ասացին վարչությունում:
Լիլիթ Մաճկալյան