Հայաստանի և Մոլդովայի միջև բեռնափոխադրումները կազատականացվեն
ՀասարակությունՄոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների տրանսպորտի նախարարների խորհրդակցությանը մասնակցող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 14-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարար Վասիլի Բոտնարի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բեռնափոխադրումների բնագավառում տարվող բարեփոխումների քաղաքականությունը, ինչպես նաև բեռնափոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը՝ երկու երկրների տրանսպորտի նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 1996 թվականի հոկտեմբերի 30-ին Քիշնևում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Դրա արդյունքում կազատականացվի Հայաստանի և Մոլդովայի միջև բեռնափոխադրումների ոլորտը, այսինքն՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումներն այսուհետ կիրականացվեն առանց թույլտվությունների, փոխադրողների համար կկրճատվի վարչարարությունը, կնվազի փոխադրման ժամանակը, որն էլ իր հերթին կբերի բեռների փոխադրումների ինքնարժեքի նվազեցման: