Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ֆրանսիայում
ՀասարակությունԵվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 5-րդ ֆորումը կանցկացվի Ֆրանսիայում: Երկու կարևոր միջոցառումները տեղի կունենան 2018 թվականին:
Ֆրանսիայի վարչապետին առընթեր Բարձրագույն կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնը երևանյան միջոցառման ժամանակ իր ելույթում կարևորեց այս փաստը:
«Բոլոնիայի գործընթացի հաջողությունը բոլորիս հաջողությունն է: Այս հաջողությունը բերել է նրան, որ իրականացվել են մեր նախանշած նպատակները: Այսօր եվրոպական կրթական տարածքը ներառում է 48 երկիր և միլիոնավոր ուսանողներ: Ես հպարտ եմ այսօր ձեզ ներկայացնելու Ֆրանսիայի պարտավորությունը՝ հաջորդ կոնֆերանսը կազմակերպելու առումով»,- ընդգծեց Թիերի Մանդոնը:
Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը եզրափակվել են: Միջոցառումներին մասնակցեցին Բոլոնիայի անդամ երկրների ներկայացուցիչները: Երկու խոշոր միջոցառումներին կայացվեցին կարևորագույն որոշումներ:
Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում: