Մշակույթի նախարարությունը կարևորում է էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը
ՀասարակությունՀայկական մշակութային ժառանգության հնարավոր բոլոր էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը կարևոր է ՀՀ մշակույթի նախարարության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 16-ին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Վերջին տարիների մեր ձեռքբերումը թանգարանների, հայկական հուշարձանների, գորգերի շտեմարանների ստեղծումն էր: 2014 թվականին մեկնարկեց հայկական մամուլի և հայ գրքի շտեմարանների ստեղծումը: Այս տարվա ընթացքում բազմաթիվ պարբերականներ են թվայնացվել»,- հայտնեց Հասմիկ Պողոսյանը: Նա ընդգծեց, որ այս տարի նախարարությունը զբաղված է մշակութային արժեքների շտեմարանի ստեղծումով:
«Խոսքն այն արժեքների մասին է, որոնք գտնվում են ոչ պետական ֆոնդերում և այն ծավալին, որը գտնվում է արտասահմանյան երկրներում՝ տարբեր մշակութային հաստատություններում: Հայտարարված մրցույթի արդյունքներով հաղթող կազմակերպություն կա, որը մշակում է շտեմարանի կառուցվածքը, և մենք հունիսից արդեն կսկսենք շտեմարանում համապասխան տվյալների մուտքագրման աշխատանքը»,- ընդգծեց նա:
Հասմիկ Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ զուգահեռաբար իրականացվում է նաև հայկական ֆիլմերի թվայնացման գործընթաց: «Մենք կունենանք հայկական կինոյի շտեմարան: Երրորդ ուղղությունը, որը մեկնարկեց 2015 թվականին, նոտաների թվայնացումն է: Դա հատկապես վերաբերում է օպերային թատրոնում գտնվող նոտաներին, որոնցից շատերը վատթար վիճակում են»,- նկատեց Հասմիկ Պողոսյանը: