ՀԱԿ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը քննարկել ԱԺ լիագումար նիստում
Օրվա իրադարձություններԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առաջարկում է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցն արտահերթ ռեժիմով քննարկել Ազգային ժողովի լիագումար նիստում:
ԱԺ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ իրենք ստորագրահավաք են սկսել՝ ԱԺ մեկնարկած քառօրյայի ընթացքում էլեկտրաէներգիայի թանկացման հարցը արտահերթ քննարկման դնելու հարցով:
«Ես խնդրում եմ բոլոր պատգամավորներին, ովքեր մտահոգված են այս խնդրով, ստորագրել մեր նախաձեռնության տակ, որպեսզի մենք կարողանանք հենց այս քառօրյայի ընթացքում արտահերթ քննարկել այդ հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զուրաբյանը:
Նա հայտնեց նաև, որ իրենց նախաձեռնության տակ արդեն ստորագրել են 17 պատգամավոր: Ազգային ժողովում որևէ հարց արտահերթ ռեժիմով քննարկելու համար հարկավոր է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը, ինչը նշանակում է, որ հարցի արտահերթ քննարկմանը հասնելու համար բավարար կլինի 44 պատգամավորի ստորագրություն: