Հայաստանը Հաղթանակի 70-ամյակին նվիրված ժնևյան միջոցառմանը ներկայացել է ազգային տաղավարով
ՀասարակությունՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզսստանի, Տաջիկստանի մշտական ներկայացուցչությունների մասնակցությամբ մայիսի 16-ին տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը Հայաստանը ներկայացել է իր ազգային տաղավարով, որում զետեղված են եղել ֆաշիզմի դեմ մղված պայքարում հայ ժողովրդի ունեցած մեծ ներդրումը պատկերող պաստառներ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանցի), Ագանովի (Աղանյան), ծովակալ Հովհաննես Իսակովի, Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանի, հայազգի այլ նշանավոր հերոսների մասին պատմող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ:
Միջոցառմանը մասնակցող պետությունների տաղավարներում ներկայացված են եղել նաև համապատասխան ազգային խոհանոցների ուտեստները:
Հայկական տաղավարը, ինչպես իր տեղեկատվական ներկայացվածությամբ, այնպես էլ ազգային ուտեստների զանազանությամբ, արժանացել է ներկաների մեծ հետաքրքրությանն ու գնահատանքին։