Նախարարը քաղաքական ենթատեքստ չի տեսնում Թբիլիսում ջավախահայ և ադրբեջանցի մարզիկների բախման մեջ
ՀասարակությունՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի տեսնում Թբիլիսում կայացած կարատեի աշխարհի առաջնության ժամանակ ջավախահայ և ադրբեջանցի մարզիկների մասնակցությամբ միջադեպի մեջ: Շաբաթներ առաջ Թբիլիսում կայացած կարատեի աշխարհի առաջնության ժամանակ բախում էր տեղի ունեցել Վրաստանի թիմը ներկայացնող ջավախահայերի և Ադրբեջանի թիմը ներկայացնող մարզիկների միջև:
«Այն, ինչ ներկայացվեց հասարակությանը, չէր համապատասխանում իրականությանը: Ես կապվել եմ բոլոր ֆեդերացիաների հետ և պարզել, որ այդ ամենը ոչ մի քաղաքական բնույթ չի կրել, և գուցե այդ ամենի պատճառը հենց մրցավարների սխալն է: Դա զուտ մարզական երևույթ էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարար Գաբրիել Ղազարյանը:
Ղազարյանը խոսեց Բաքվի Եվրոպական խաղերի և այդ ամենի շուրջ մեծ քննարկումների մասին: «Մենք պետք է մեր ուժը ցույց տանք ոչ միայն բանակում: Պետք է ցույց տանք, որ ուժեղ ենք նաև սպորտում: Սպորտը քաղաքականության հետ չենք շփոթում: Ես անձամբ քարոզում եմ այդ մասին: Բաքու գնում ենք մասնակցելու եվրոպական խաղերին, ոչ այլ բանի»,-ասաց նախարարը:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկ ված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: