Կառավարությունը առաջարկներ կներկայացնի առաջիկայում «Նաիրիտ»-ի վերաբերյալ
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ «Նաիրիտ»-ի հարցով հստակ առաջարկություններ կլինեն հունիսի սկզբին: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ինքն անձամբ մի քանի անգամ հանդիպել է «Նաիրիտ»-ի աշխատակիցների հետ, լսել նրանց առաջարկները: «Այո, մենք շատ լավ հասկանում ենք, որ հարցը շատ խորն է, և շատ խնդիրներ կան կուտակված: Հիմա մենք փորձում ենք այդ խնդիրներին լուծում տալ: Եղել է ՀՀ Նախագահի հանձնարարականը, իմ հանձնարարականը էներգետիկայի նախարարին՝ խնդրի վերաբերյալ լուծումներ գտնելու հարցով: Հիմա մենք աշխատում ենք, և ես կարծում եմ, որ մինչև մայիսի վերջ-հունիսի սկիզբ մենք հստակ առաջարկություններ կունենանք»,- ընդգծեց վարչապետը:
Անդրադառնալով «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի խնդրին՝ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը փորձելու է մինչև 2015թ. վերջ լուծում տալ գործարանի աշխատակիցների աշխատավարձերի խնդրին: