Ոստիկանները կանգնեցրել են աղջկան առևանգողների մեքենան
ՀասարակությունՈստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներից մեկը մայիսի 19-ին, ժամը 11.30-ին, ՀՀ ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի մոտից «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենայով աղջիկ են առևանգել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները, հետապնդելով նշված ավտոմեքենան, այն կանգնեցրել են Կարեն Դեմիրճյան-Բաղրամյան փողոցներն իրար կապող կամրջի մոտ, որտեղ 2 երիտասարդ, ավտոմեքենայից իջնելով, դիմել են փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը ոստիկանություն է բերման ենթարկել ավտոմեքենայի վարորդ՝ 1982թ. ծնված Յուրիկ Խ.-ին և նրա ուղևոր՝ 1982թ. ծնված Արման Չ.-ին, ինչպես նաև բաժին է հրավիրվել ուղևորուհին` 1993 թ. ծնված Հ. Վ.-ն, ով հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Արման Չ.-ն իր համագյուղացիներ Յուրիկ Խ.-ի, Տարոն Թ.-ի և Կարո Ղ.-ի հետ, ամուսնության նպատակով, իր կամքին հակառակ առևանգել են իրեն:
Արման Չ.-ն և Յուրիկ Խ.-ն ներկայացվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Տարոն Թ.-ին և Կարո Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: