Նախարար. «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ն արդեն գրեթե վաճառված է
Հասարակություն«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի վաճառքի մասին պայմանագրի վերջնական տարբերակն ուղարկվել է ամերիկյան Contour Global ընկերությանը՝ ստորագրման: Այս մասին մայիսի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Կառավարության եւ գնորդ-ընկերության միջեւ երկարատեւ քննարկումներից հետո բոլոր խոչընդոտները վերացվել են, եւ պայմանագրի վերջնական տարբերակը փոխանցվել է ամերիկյան կողմին: «Մեր տվյալներով, առաջիկա օրերին հարցը կլուծվի, եւ ընկերության ներկայացուցիչներն ԱՄՆ-ից կժամանեն Հայաստան»,- հայտարարեց նախարարը:
Նա նաեւ նշեց, որ մասնավորեցման ենթակա են ՀԷԿ-ի արժեթղթերը, բայց ոչ թե դրանք կառավարող պետական ընկերության բաժնետիրական կապիտալը: Նախարարը, սակայն, չպարզաբանեց, թե դրա հետեւանքով ինչպես կփոխվի բաժնետոմսերի նոմինալը:
«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի (76 ՄՎտ հզորությամբ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): Դրա ամբողջական հզորությունը կազմում է հանրապետության գեներացվող հզորությունների գրեթե 12%-ը:
«Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: 2013 թվականի նոյեմբերի 27-ին հայկական կողմը հավանության արժանացրեց պետական «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ն ամերիկյան «Contour Global» հոլդինգի դուստր կառույցին վաճառելու գործարքը, որը պատրաստակամություն հայտնեց 180 մլն դոլար ներդնել: