Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է
ՀասարակությունՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի գործով նախաքննությունը շարունակվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական ծառայության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ դեպքի վայրում քննիչները կատարել են զննություն: «Քննության շահերից ելնելով, սակայն, մանրամասներ դեռևս չեն հրապարակվելու: Քրեական գործով նախ աքննությունը շարունակվում է»,-ասաց Տռուզյանը:
Մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ էր արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Դեպքի առթիվ Քննչական ծառայության Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։