Հայաստանի հետ համագործակցության զարգացումը բխում է Լեհաստանի շահերից
ՀասարակությունԼեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վուոդժիմիերժ Չիմոշևիչի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկվել է հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Վուոդժիմիերժ Չիմոշևիչին` 2005թ. Լեհաստանի կողմից Հայոց ցեղաս պանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման և այդ հարցում նրա ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես եղել և մնում է Լեհաստանի համար բարեկամ երկիր, որի հետ ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը բխում է Լեհաստանի շահերից՝ արտահայտելով լեհ ժողովրդի դրական վերաբերմունքը հայերի հանդեպ: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել Լեհաստանի ներդրողների համար՝ կարևորելով հատկապես տնտեսական բնագավառում համագործակցության զարգացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարներին: