Վերահսկիչ պալատի երկու տարվա հաշվետվությունների փաստով հարուցել է երկու քրեական գործ
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազությունը Վերահսկիչ պալատի 2012 և 2013 թվականների հաշվետվությունների փաստով հարուցել է երկու քրեական գործ` առանձին-առանձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ` հավելելով, որ այդ քրեական գործերն առնվազն մեկ տարի է` ՀՀ քննչական կոմիտեում քննության ընթացքի մեջ են: «Վերահսկիչ պալատից, ես ասացի ու էլի եմ ասում, որևէ հաղորդում չենք ստացել: Բայց դա չի նշանակում, որ դատախազությունն անգործություն է ցուցաբերել»,-ասաց Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով` այդ երկու հաշվետվությունների հիման վրա տարանջատվել են անբարեխիղճ աշխատանքի երեք ուղղություններ` «հավելագրված ծախսեր», «չկատարված աշխատանք», «անորակ կատարված աշխատանք» կատեգորիաներով: «Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ տեղ գտած բոլոր խախտումները բաժանվել են երեք խմբերի ու դրանց ուղությամբ իրականցվել է ամբողջական քննություն: 2013 թվականի հաշվետվությունից առերևույթ հայտնվել են յուրացման, խարդախության 20 դրվագներ, որոնցիցի յուրաքանչյուրով առանձին-առանձն իրականցվում է քննություն: Դրանց արդյունքում մենք հնարավորություն կունենանք գնահատել նաև, թե Վերահսկիչ պալատի ներկայացրած ամեն էպիզոդ որքանով է հիմնավորված»,-նշեց Գևորգ Կոստանյանը:
ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության մեջ խոսք էր գնում գնումների ոլորտում 700 միլիարդ դրամի ռիսկերի մասին: