Արարատի մարզում դպրոցը կավարտեն 2243 շրջանավարտներ
Հասարակությունրարատի մարզի 112 դպրոցներում վաղը` մայիսի 22-ին տեղի կունենան «Վերջին դասի» միջոցառումներ: «Արդեն հրահանգված է բոլոր դպրոցների տնօրեններին, որպեսզի զերծ մնան ավելորդ ճոխություններից եւ սահմանափակվեն համեստ հանդիսություններով` «Վերջին դասի» սկզբունքով»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը:
Մայիսի 22-ից հետո դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդները: Այս օրերին դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են տարվում` ավարտական քննություններն ըստ պատշաճի կազմակերպելու համար: Քննությունները կանցկացվեն հունիսին: Իսկ միասնական քննությունները տեղի կունենան Արտաշատի թիվ 1 եւ թիվ 4 դպրոցներում:
Արարատի մարզի դպրոցներում այս տարի շրջանավարտների թիվը 2243 է, որից 418-ը ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող մարզի 5 ավագ դպրոցների շրջանավարտներն են: 9-րդ դասարաններն ավարտողների թիվը 1269 է: Այս տարի առաջին դասարանն են ավարտում 3618 աշակերտներ:
Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը` ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Մարզի դպրոցներում սովորում է 30 հազար 577 աշակերտ՝ 1555 դասարաններում: Մարզային ենթակայության 107 դպրոցում աշխատում է 4418 մարդ, որից 2623-ը ուսուցիչներ են, 275-ը աշխատում են մանկավարժական հաստիքներով, իսկ 1520-ը վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատողներ են:
Լիլիթ Մաճկալյան