Արարատի մարզի 112 դպրոցներում կանցկացվեն «Վերջին դասի» միջոցառումներ
ՀասարակությունԱրարատի մարզի բոլոր 112 միջնակարգ, հիմնական եւ ավագ դպրոցներում մայիսի 22-ին անց են կացվում «Վերջին դաս» ցերեկույթները: Որոշ դպրոցներում տեղի կունենան փոքրիկ հրաժեշտի արարողություններ` նվիրված ուսուցիչներին ու արդեն հարազատ դարձած կրթօջախներին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն ասաց, որ մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ովքեր դպրոցական խորհրդի անդամներ են, այսօր կլինեն իրենց դպրոցներում եւ կմասնակցեն կազմակերպված ցերեկույթներին: Աշակերտները կլինեն մարզի եկեղեցիներում` օրհնության կարգ սպանալու:
Մարզի բոլոր համայնքների դպրոցների շրջակայքում եւ բանուկ տարածքներում ժամը 08:00-ից ուժեղացված կարգով պարեկային ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որոնք վերոնշյալ տարածքներում կլինեն մինչ ուշ երեկո:
Մկրտչյանը նշեց նաեւ, որ վարչության կողմից բոլոր դպրոցներին նախօրոք ուղարկվել են շրջաբերականներ, որպեսզի բացառվեն դրամահավաքները, զերծ մնան ավելորդ ճոխություններից եւ սահմանափակվեն համեստ հանդիսություններով` «Վերջին դասի» սկզբունքով:
Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը` ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Արարատի մարզի դպրոցներում այսօր իրենց «Վերջին դասի» արարողությունը կանցկացնեն 2243 շրջանավարտ, որոնցից 418-ը ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող մարզի 5 ավագ դպրոցների շրջանավարտներն են: 9-րդ դասարանը կավարտեն 1565 աշակերտ, որոնցից 342-ը` ավագ դպրոցի սաներ են:
Լիլիթ Մաճկալյան