Պատգամավորը ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու լուրջ հնարավորություններ է տեսնում
ՀասարակությունԵվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը պետք է փորձի հնարավոր բոլոր ոլորտներում խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ:
Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Երեկ մենք տեղեկացանք Սերժ Սարգսյան-Անգելա Մերկել հանդիպման մասին, որը շատ կարևոր էր այդ առումով, ինչպես նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդները համատեղ հռչակագիր ընդունեցին, որում խոսվում էր Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման մասին և առանձնահատուկ շեշտվում էր, որ նախապատվությունը պետք է տալ «և, և»-ի քաղաքականությանը, ինչին մենք կողմնակից ենք»,- նշեց Մելքումյանը:
ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցություն խորացնելու առումով պատգամավորը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է օգտվել GSP+ համակարգի արտոնություններից: «Օրինակ՝ Հայաստանի ողջ թեթև արդյունաբերությունը՝ շուրջ 7000 անուն ապրանք, կարող է հանգիստ մտնել այդ արտոնությունների մեջ: Ես ողջունում եմ դա և կարծում եմ, որ, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք շանս ունենք համաչափորեն ինտեգրվել Եվրոպական Միությանը»,- ասաց Մելքումյանը:
Քաղաքական համագործակցությունը խորացնելու առումով պատգամավորը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանը մարդու իրավունքների և եվրոպական արժեքների յուրացման առումով գտնվում է այդ արժեքների տիրույթում և խորացնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ: