Կառավարությունը կշարունակի օժանդակությունը սիրիահայերին նաև նրանց ներհոսքի աճի դեպքում
ՀասարակությունՀայաստանն ամեն ինչ անում է սիրիահայերին օգնելու և աջակցելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ամփոփելով 2014թ. մայիսից մինչև 2015թ. մայիսն իրականացված աշխատանքները, նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ նախարարությունը սիրահայերի խնդիրները լուծելու համար ամեն օր աշխատում է տարբեր կառույցների հետ:
«Առողջական խնդիրների հետ կապված հարցերը՝ վիրահատությունները, կազմակերպվում են պետպատվերի շրջանակներում: Ինչն էլ պետպատվերի շրջանակում չկա՝ փորձում ենք նրանց ֆինանսավորել տարբեր աղբյուրներից, որ կարողանան լուծել խնդիրները»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը կարևորեց նաև այն փաստը, որ կարողացել են սիրիահայերի համար ուսուցում կազմակերպել ՀՀ օրենսդրության մասին:
«Մոտ կես միլիոն դոլարին համարժեք վարկ է տրամադրվել հինգ տարի ժամկետով, որպեսզի նրանք կարողանան իրենց սկզբնական աշխատանքը կազմակերպել»,- հայտնեց նա:
Նախարարի խոսքով՝ իրավիճակը Սիրիայում լարված է մնում: «Ցավոք, ռմբակոծությունների թիրախ են դառնում քրիստոնեական, մասնավորապես, հայկական թաղամասերը: Որքան հայրենակիցներ էլ գան Հայաստան, կառավարությունը, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, պատրաստ է զբաղվել իրենց հարցով: Սիրիայում մնացածների մի մասը տեղափոխվել է անվտանգ տարածքներ, մյուս մասն էլ որոշել է մնալ, նրանց էլ պետք է օգնել տեղում»,- հավելեց նախարարը՝ նշելով, որ Սիրիայում գործում է Շտապ օգնություն մարմին, և դրա կազմում կան նաև ՀՀ կառույցների ներկայացwւցիչներ, որոնք ամեն հարցում փորձում են օգտակար լինել հայրենակիցներին:
«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի, բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ բնակվարձի փոխհատուցում ենք տրամադրում սիրիահայերին՝ մեկ ընտանիքի հաշվով 60 հազար դրամի չափով, վեց ամսով: Կենտրոնում բնակարանները թանկ են, փորձում ենք էժան բնակարան գտնել, նաև աշխատանքի հարցերն ենք ցանկանում լուծել, որպեսզի սիրիահայերը շուտ դուրս գան վատ իրավիճակից»,- ընդգծեց նախարարը: