Տոկիոյում անցկացվել է Հայկական մշակույթին նվիրված միջոցառում
ՄշակույթՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ցուցադրվել են միջազգային հեղինակավոր պարբերականների առաջին էջերը, ուր ներկայացված է Հայոց ցեղասպանությունը: Միջոցառման շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է նաև «Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր» ճապոներեն գրքի շնորհանդեսին:
Գրքի հեղինակն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թ. մրցանակակիր, Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: Պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: