Համատեղ լուծումներ գտնելն առավել արդյունավետ ու շահեկան է բոլորի համար. Տարոն Մարգարյան
ՀասարակությունՊաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը «Բազմակողմության ներդաշնակությունը. քաղաքային արդյունավետ կառավարման դերը ժամանակակից աշխարհում» խորագրով համաժողովին:
«Անշուշտ, գաղտնիք չէ, որ մունիցիպալ իշխանությունների համար քաղաքի զարգացման հարցում առաջնահերթությունը մշտապես եղել ու լինելու է բնակիչների կյանքի և գործունեության համար առավել հարմարավետ միջավայր ապահովելը: Արդի աշխարհում այդ հարմարավետությունը բավականին բազմաշերտ է ու տարողունակ:
Ու հենց այս հանգամանքը ստիպում է, որ մեր քաղաքների զարգացման ռազմավարությունները մշակելիս կարողանանք կանխատեսել նաև այն մարտահրավերները, որոնք կարող են ծառանալ մեր առջև ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Նաև հենց այս տեսանկյունից է, որ շատ կարևոր ու անհրաժեշտ է նման համաժողովների կազմակերպումը, քանզի առաջադրվող խնդիրների նույնականությունը ենթադրում է, որ համատեղ լուծումներ գտնելն առավել արդյունավետ ու շահեկան է բոլորիս համար»,- համաժողովի իր խոսքում նշել է Տարոն Մարգարյանը։