Վերջին մեկ շաբաթում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է եւս 3 սանտիմետրով
ՀասարակությունՍեւանա լճի մակարդակը մայիսի 19-ից 25-ը բարձրացել է եւս 3 սանտիմետրով, կամ յուրաքանչյուր օրվա հաշվով` կես սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի մայիսի 25-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, որը 3 սանտիմետրով ավելի է այս տարվա մայիսի 19-ի, 2 սանտիմետրով ավելի` նախորդ տարվա մայիսի 25-ին գրանցված նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով արդեն լիճ է տեղափոխվել 53 միլիոն 444 խորանարդ մետր ջուր:
Սեւանա լճից ոռոգման նպատակներով հերթական շաբաթում նույնպես ջրբացթողումներ չեն իրականացվել: Սեւան թափվող գետերը գտնվում են վարաման փուլում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի կարծիքով` Սեւան թափվող գետերն այս տարի վարարումն սկսել են սովորական ժամկետներից մոտ կես ամիս ուշացումով: «Արգիճիի, Գավառագետի, Մասրիկի, Բախտակագետի, մի շարք այլ գետերի վարարման հիմնական ժամանակահատվածը համընկնում է մայիսի առաջին տասնօրյակին, սակայն այս տարի դրանք վարարել սկսեցին մոտ կես ամիս ուշացումով.պատճառը ոչ բավարար տաք ջերմաստիճանն է»,- եզրակացրեց քաղաքաշինության վարչության պետը: