Քաղաքագետը բնական է համարում Հայաստանի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության հարցում
ՀասարակությունՔաղաքագետ Սերգեյ Մինասյանն ուկրաինական հակամարտության հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումը բնական է համարում՝ հաշվի առնելով Ուկրաինայում հայկական մեծ սփյուռքի առկայությունը: «Կովկաս 2014» խորագրով գիտաժողովի ընթացքում քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ հետխորհրդային մյուս երկրները պատրաստ չէին այն իրադարձություններին, որ տեղի ունեցան Ուկրաինայում: «Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ երկար ժամանակ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ քար լռություն էր պահպանում: Դա բնական է. Ուկրաինայում հայկական բավականին մեծ սփյուռք կա: Նաև Ռուսաստանում են բազմաթիվ հայեր ապրում»,- նշեց Մինասյանը:
Նա նկատեց, որ Ղրիմի դեպքերից մեկ ամիս անց միայն պաշտոնական Երևանը դիրքորոշում հայտնեց, ինչը տեղի ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում, երբ զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:
Քաղաքագետը նշեց նաև, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության մի մասը սկսեց քննադատել այդ դիրքորոշումը, սակայն շատերը սկսեցին հանդես գալ պրոռուսական դիրքերից, քանի որ 90-ականներին Ուկրիանան Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից մեկն էր, պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում:
Սերգեյ Մինասյանը նաև նշեց, որ Հայաստանը Ղրիմի հարցում չէր կարող այլ դիրքորոշում ունենալ, որը դեմ կլիներ ազգերի ինքնորոշման սկզբունքին: