Իրաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողով
ՀասարակությունԲաղդադում մայիսի 23-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ճանաչումը. քայլ դեպի միջազգային խաղաղություն» խորագրով միջազգային գիտաժողով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովին ներկա են եղել Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Իրաքի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարա ր Ֆարիս Ջաջուն, ով իր հերթին հանդես է եկել բացման խոսքով, մշակույթի նախարարի տեղակալ Ֆաուզի Աթրուշին, տարբեր կուսակցությունների պատգամավորներ, հոգևոր առաջնորդներ:
Մասնակիցների թվում են եղել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը, հայոց պատմության, մշակույթի և Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ լիբանանցի գիտնական Սալեհ Զահրեդինը, Բաղդադի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան, դոկտոր Սալահ Ջաբրին, Իրաքի քաղաքական, հասարակական, գիտական, կրթական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:
Ելույթ ունեցողները անդրադարձել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը ներկայումս Մերձավոր Արևելքում տարբեր կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների վերացման համատեքստում: Հայ գիտնականների կողմից ընդգծվել է 1915թ. Ցեղասպանության ընթացքում արաբ ժողովրդի, այդ թվում նաև իրաքցիների կողմից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ցուցաբերած օգնությունը: