Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում կմրցեն բարձրակարգ երաժիշտներ
ՄշակույթԱրամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթն կառանձնանա մասնակիցների լայն աշխարհագրությամբ և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։ Ինչպես տեղեկացրին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, հունիսի 6-ին մեկնարկող հայաստանյան մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած և առաջին փուլ անցած երիտասարդ ջութակահարներն ունեն փայլուն երաժշտական կենսագրություն, նրանցից շատերն արդեն իսկ մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ են։ Մրցույթի կազմակերպիչները պատահական չեն համարում այն փաստը, որ այդ երաժիշտները ցանկանում են ունենալ նաև մասնակցություն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամն առանձնացրել է 11-րդ մրցույթի առաջին փուլի մասնակիցներից Դրուխ Էլինային (Ռուսաստան), Կամիշիկիրյո Այկոյին (Ճապոնիա), Դավիթ Արդուխանյանին (Ռուսաստան), Կարմենովա Մերուերտին (Ղազախստան), Միլետիչ Իվային (Սերբիա), Տարոսյան Ելենային (Ռուսաստան), Լեոն Նիքոլին (Վենեսուելա), ովքեր մի շարք մրցույթների դափնեկիրներ են:
Կազմակերպիչները վստահ են, որ հունիսի 6-14-ն Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթում սպասվում է թեժ մրցակցություն։