Վարչապետը հանձնարարեց գազալցակայաններում անվտանգությունը դարձնել խիստ վերահսկելի
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին գազալցակայաններում անվտանգության ռեժիմը դարձնել խիստ վերահսկելի: Կառավարության նիստում Արմեն Երիցյանն անդրադարձավ վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյունների դեպքերին, մասնավորապես, մայիսի 26-ին Արմավիրի մարզում՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում արձանագրված դեպքին, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել երեք մարդ:
Երիցյանն ընդգծեց, որ տվյալ գազալցակայանը վեց ամիս առաջ տուգանվել է մեկ միլիոն դրամով, քանի որ այնտեղ հայտնաբարվել էին բազմաթիվ թերություններ: Նախարարը հանձնարարել է աշխատանքներն ակտիվացնել բոլոր գազալացակայանների հետ, որտեղ կհայտնաբերվեն թերություններ, Երիցյանը խոստացավ զեկուցել ՀՀ վարչապետին: «Եթե անհրաժեշտ լինի, ապա կդադարեցնենք դրանց աշխատանքները»,- ասաց Երիցյանը:
ՀՀ վարչապետն էլ հանձնարարեց անվտանգության ռեժիմը դարձնել խիստ վերահսկելի, քանի որ դա շատ կարևոր է: