Չինաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր
ՄշակույթՉինաստանում ամռանը կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: «Մշակույթի օրերն անցկացվելու են հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը: Լինելու է բավականին հետաքրքիր ծրագիր՝ հաշվի առնելով չինացի հանդիսատեսի նախընտրությունները: Առաջին հերթին կլինի ցուցահանդես, որը կներկայացնի հայկական պատմամշակութային ժառանգությունը: Փորձում ենք ծրագրում ներառել նաև Լուսիկ Ագուլեցու հավաքածուի ցուցադրությունըն»,- մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Նրա խոսքով՝ Չինաստանում հանդես կգա «Բերդ» պարի համույթը, որը կներկայացնի հայկական ժողովրդական պարը: Բացի այդ, մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի մշակույթի օրեր Եգիպտոսում: «Նախնական պայմանավորվածությամբ՝ Հայաստանի մշակույթի օրերը տեղի կունենան սեպտեմբերին: Սպասում ենք եգիպտական կողմի հաստատմանը»,- հավելեց նա: