Արարատի մարզում միասնական քննություններին կմասնակցի 744 աշակերտ
Հասարակություն2014-15 ուսումնական տարվա միասնական քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել Արարատի մարզի հանրակրթական դպրոցների 744 շրջանավարտ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն ասաց, որ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում դպրոցներում քննություններն ըստ պատշաճի կազմակերպելու համար: Կազմված ժամանակացույցով դասավանդող ուսուցիչների կողմից անց են կացվում նաեւ առարկայական կոնսուլտացիաներ` աշակերտներին քննություններին նախապատրաստելու նպատակով:
Հունիսի 1-ից դպրոցներում կմեկնարկի քննական շրջանը, որը կտեւի մինչեւ ամսվա վերջ: Քննություններ կհանձնեն չորրորդ, իներորդ եւ տասներկուերորդ դասարանցիները: Պետական միասնական քննությունները կազմակերպելու համար քննական կենտրոններ են ընտրվել Արտաշատ քաղաքի թիվ 1 եւ թիվ 4 հիմնական դպրոցները:
Մկրտչյանն ասաց, որ նախորդ ուսումնական տարում միասնական քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ էին ներկայացրել մարզի հանրակրթական դպրոցների 883 շրջանավարտ, որոնք հանձնել են 1703 քննություն: Դիմորդներից 711-ը ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: 271 քննություններից դիմորդները ստացել են 18-20 միավոր:
Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Արարատի մարզի դպրոցներում այս տարի 12-րդ դասարանն ավարտում են 2243 շրջանավարտներ, որից 418-ը ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող մարզի 5 ավագ դպրոցների շրջանավարտներն են: 9-րդ դասարանը կավարտեն 1565 աշակերտ, որոնցից 342-ը` ավագ դպրոցի սաներ:
Լիլիթ Մաճկալյան