One բարեգործական հիմնադրամը, որն զբաղվում է աշխարհում աղքատության հիմնախնդրով, զեկույց է հրապարակել միլիոնավոր մարդկանց համար կոռուպցիայի հետևանքների մասին, որոնք արդյունքում հայտնվում են չքավորության եզրին ու մահանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կազմակերպության փորձագետների գնահատումների համաձայն՝ տարեկան աղքատ երկրներից դուրս է բերվում շուրջ տրիլիոն դոլար:
One-ի զեկույցում ասվում է, որ աղքատության դեմ պայքարում զգալի առաջընթացը, որին հաջողվել է հասնել վերջին երկու տասնամյակում, սպառնալիքի տակ է դրված կոռուպցիայի և հանցավորության կողմից: Առավել տարածված մեթոդների թվում նշում են փողերի լվացումը և գոյություն չունեցող ֆիրմաների օգտագործումը:
Զեկույցի հեղինակներն այն կարծիքին են, որ կոռուպցիան ամեն տարի աշխարհում հանգեցնում է 3,5 մլն մարդու մահվան: Այդ մահերից շատերը կարելի էր կանխել, վստահ են One կազմակերպությունում, որի համահիմնադիրը իռլանդացի երաժիշտ Բոնոն է՝ U2 խմբի վոկալիստը:
Աղքատության դեմ պայքարի մարտիկները կոչ են անում G20-ի երկրների ղեկավարներին՝ Ավստրալիայում կազմակերպության նոյեմբերյան գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի հիմնախնդիրը լուծելու համար: